Մեդալային վերջին հույսերը Տոկիո-2020-ից․ օգոստոսի 6-ի ժամանակացույցը

Տոկիոյում ավարտին է մոտենում ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, իսկ վաղը՝ օգոստոսի 6-ին, Ճապոնիայի մայրաքաղաքում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մեր վերջին երկու ներկայացուցիչները։

Առավոտյան 6։30-ից պայքարը կսկսի ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն, որն իր առաջին Օլիմպիական խաղերն է անցկացնում։ 21-ամյա Թևանյանին բավականին բարդ մեկնարկ է սպասվում․ նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Ռուսաստանի օլմպիական կոմիտեն ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովի դեմ։

Ռաշիդովը 2019 թ. աշխարհի չեմպիոն է, իսկ 2017-ին Փարիզում ու 2018-ին Բուդապեշտում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, սակայն այդ ժամանակ հանդես է եկել մինչև 61 կգ քաշային կարգում։

Վաղն առավոտյան եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), որն արդեն ապահովել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Կեյշոն Դևիսը։

Բաչկովի մենամարտի մեկնարկը նախատեսված է 09։30-ին։