Շատ հպարտ եմ, որ հայ եմ․ ԱՄՆ ջրագնդակի կանանց թիմի գլխավոր մարզիչ Ադամ Գրիգորյան

ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց թիմը երկար տարիներ է՝ գլխավորում է հայազգի մասնագետ Ադամ Գրիգորյանը: Անվանի մասնագետի գլխավորությամբ ԱՄՆ-ի հավաքականը ոսկե մեդալներ նվաճել է 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերում, հիմա էլ երրորդ անընդմեջ չեմպիոնությանն է գնում Տոկիոյի խաղերում։

Վերջին երեք Աշխարհի առաջնություններում Գրիգորյանի սաները դարձել են չեմպիոններ, երեք անգամ էլ հաղթել Աշխարհի գավաթում ու Պանամերիկյան խաղերում:

Ադամ Գրիգորյանի հետ Տոկիոյում զրուցել ենք Օլիմպիական խաղերի, թիմի հետո հոբելյանական նվաճման հասնելու հնարավորությունների, ինչպես նաև իր հայկական արմատների մասին։

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ կասեք Տոկիո-2020-ի կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների  և Խաղերի հետաձգման մասին։

-Շատ բարդ ժամանակներ էին բոլորի համար՝ ամբողջ աշխարհում։ Այս վիրուսը ցույց տվեց, թե աշխարհը որքան կապված է իրար ու թե որքան անհրաժեշտ է, որ մենք շարունակենք միասին աշխատել՝ պայքարելով խաղաղության համար ամբողջ աշխարհում։ Բարդ ժամանակներ էին, բայց ուղղակի ֆանտաստիկ է, թե ինչպես ՕԽ-ի կազմակոմիտեն, Ճապոնիան ու Տոկիոն կարողացան այդ պայմաններում կազմակերպել Օլիմպիական խաղերի անցկացումը։ Շատ հեշտ կլիներ այն չեղարկելը, բայց նրանք հանձն առան Խաղերի կազմակերպումը ու դա անում են շատ գեղեցիկ կերպով։

Իհարկե, երկրպագուներ չկան մարզադաշտերում ու դա վշտացնում է, բայց ամեն դեպքում մենք հնարավորություն ստացանք մրցակցելու Օլիմպիական խաղերի շրջանակում, ու դա հիանալի է։

-Ցանկացած մրցաշարում, երբ ԱՄՆ-ի հավաքականը մրցում է Ռուսաստանի հետ, շատ բարդ խաղ է ստացվում։ Այսօր այդպե՞ս էր։

-Հասկանալի է, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, բայց մեզ համար սա սպորտ է, ու Օլիմպիական խաղերի ուղերձն էլ է դա՝ հարգանք բոլորի նկատմամբ։ Մենք շատ մեծ հարգանք ունենք նրանց թիմի հանդեպ։ Եվ այդ հարգանքը փոխադարձ է։ Նրանք այսօր հիանալի խաղացին։ Այո, շատ բարդ խաղ ստացվեց, բայց սա Օլիմպիական խաղերն են։ Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ։ Ռուսներն այսօր անհավանական խաղ ցուցադրեցին, շատ ավելի լավ, քան վերջին երկու տարիներին, երբ խաղում էին մեր դեմ։ Նրանց մարզիչները հիանալի աշխատանք են կատարում։ Բայց ես շատ հպարտ եմ մեր թիմով։ Շատ քաջաբար խաղացին ու փայլուն հաղթանակ տարան (խմբ․ – ՕԽ-ի կիսաեզրափակչում ԱՄՆ-ի կանանց հավաքականը 15-11 հաշվով հաղթեց Ռուսաստանի Օլիմպիական թիմին

-Եթե չեմ սխալվում նախքան Օլիմպիական խաղերը բազում դժվարություններ եք ունեցել՝ հավաքներ ու ընկերական խաղեր անցկացնելու հետ կապված։ Ինչպե՞ս կարողացաք լուծել այդ խնդիրները։

-Մեր բախտը բերեց, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում մենք կազմկոմիտեից բավականին մեծ աջակցություն ստացանք, կարողացանք հավաքներ ունենալ ու ընկերական խաղեր անցկացնել շատ հզոր հավաքականների հետ, ինչպիսիք են օրինակ Ռուսաստանի, Կանադայի, Հունգարիայի հավաքականները։ 453 օր էինք անցկացրել առանց գոնե մեկ խաղ անցկացնելու, ինչն իսկապես շատ բարդ էր, բայց այս վերջին երկու ամիսը պարզապես վայելել ենք։

-Պարոն Գրիգորյան, 2009 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո, թիմի հետ 22 անգամ մասնակցել եք խոշոր մրցաշարերի եզրափակիչներին ու 19 անգամ դարձել եք հաղթող։ Փաստորեն, Տոկիո-2020-ում հաջողության հասնելու դեպքում թիմն իր 20-րդ ոսկե մեդալը կնվաճի Ձեր գլխավորությամբ ․․․

-Իսկապե՞ս ․․․ չգիտեի։ Անկեղծ, չգիտեի, չեմ մտածել այդ մասին։ Մտածում ենք հաջորդ խաղում հաղթելու մասին, բայց փաստորեն առաջիկա երկու օրերի ընթացքում շատ մեծ աշխատանք ունենք տանելու՝ հաջողության հասնելու համար։

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր արմատների մասին։

-Իմ ամբողջ ընտանիքը հայեր են։ Ես էլ մաքուր հայ եմ։ Իմ հայրը, մայրը հայեր են։ Հաճախում ենք հայկական եկեղեցի, հետևում ենք բոլոր ավանդույթներին։ Ցավոք, հայերենին այդպես էլ չտիրապետեցի՝ բացի մի քանի բառից։ Շատ հպարտ եմ, որ հայ եմ ու հենց այս ազգի ներկայացուցիչն եմ։

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։

Գևորգ Ղազարյան՝

Տոկիոյից՝ հատուկ ArmSport-ի համար