Սիմոնը պարտավոր էր ոսկե մեդալ նվաճել․ թերացավ․ Կարեն Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տոկիոյից ամփոփել է օգոստոսի 3-ին կայացած մրցելույթները, որոնց արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներ, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, իսկ ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար պայքարում։

Կարեն Գիլոյանը նախ անդրադարձել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանընին, որը երկամարտի 423 կգ արդյունքով, տղամարդկանց 109 կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել։

«Եթե Արթուրի պարագայում ես հակված եմ մտածել, որ Արթուրն արծաթե մեդալ նվաճեց, բրավո, կեցցե, երեք մեդալների ասպետ է․․․ըմբշամարտում ուղղակի կա մրցակից, ուժեղի դեմ հատուկ են պատրաստվում, պատահական չէ, որ տիտղոս նվաճելն ավելի դյուրին է, քան հետո այն պաշտպանելը։ Ծանրամարտում ամեն ինչ այլ է․ այստեղ դու ես ու քո ծանրաձողը։ Այստեղ Սիմոնը թերացավ։ Գտնում եմ՝ Սիմոնը պարտավոր էր ոսկե մեդալ նվաճել։ 4-5 օր առաջ նա 240 կգ-ն երկու անգամ հրել էր, իրեն լավ էր զգում, լավ էր պատրաստվել, բայց հետո հասկացանք, որ քաշի խնդիրը կա։ Ուշ սկսեց քաշ գցելը։

Հոգեբանական հետաքրքիր պայքար էլ ստացվեց Ուզբեկստանի ներկայացուցչի հետ՝ շախմատ էին խաղում , մեկական կիլոգրամներ բարձրացնելով։ Հիմա հեշտ է ասելը, որ Սիմոնը կարող էր 235 կգ-ին մոտենալ, քաշը բարձրացնել ու մրցակցի վիճակը կդառնար անելանելի։ Համաձայն եմ՝ կարող էր նաև այդպես լինել, բայց ի՞նչ հիմնավորվմամբ կարող ենք դա պնդել։ Իսկ միգուցե Սիմոնը 239 կգ-ն է՞լ չկարողանար հրել։ Այս դեպքում, մարտավարական պայքարը գուցեև ճիշտ էր։ Մրցակցին հանեցին այն սահմանագծին, որից թվում էր՝ անհնար էր անցնելը։ Բայց ուղղակի հեքիաթ տեղի ունեցավ․ 21-ամյա ուզբեկ ծանրորդն արեց անհնարինը, ամեն ինչ ներդրեց ու արեց, իսկ Սիմոնը երկու շանս ուներ, պետք է որ աներ, բայց չօգտագործեց։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ, նվաճեց օլիմպիական երկրորդ արծաթը։ Սա ևս շատ բարձր տիտղոս է։ Մարդիկ երազում են Օլիմպիական խաղերին մասնակցել, իսկ մենք համարում ենք՝ արծաթե մեդալը ձախողում է։

Դեռ ոսկու հույսեր ունենք, գնում ենք առաջ։ Պետք է ընդունել իրականությունը, հետևությունները ճիշտ անել, ու հաջորդ խաղերին գնալ նպատակաուղղված ու առանց այդ բացթողումների»,- ասել է Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք՝ պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190-կիլոգրամանոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը հաջողությամբ պոկեց 195 կգ քաշով ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ։ Երրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 198 կգ, սակայն չկարողացավ այն բարձրացնել։ Այս վարժությունում երկրորդը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևն էր՝ 193 կգ արդյունքով։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մեկնարկեց 228 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց այն։ Ջուրաևը սկսել էր 227 կգ-ից և նույնպես բարձրացրել այն։ Երկրորդ մոտեցման համար ուզբեկ ծանրորդը պատվիրեց 234 կգ, չկարողացավ բարձրացնել, սակայն երրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 237 կգ՝ դառնալով առաջատար։ Սիմոն Մարտիրոսյանը Ջուրաևից հետո պատվիրեց 238 կգ և երկրորդ ու երրորդ մոտեցումներով չկարողացավ բարձրացնել այդ քաշը։

Հիշեցնենք, որ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ևս Սիմոն Մարտտիրոսյանը դարձել էր արծաթե  մեդալակիր։

Գևորգ Ղազարյան՝ Տոկիոյից՝ հատուկ ArmSport-ի համար

Տոկիո-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ Totogaming.am կայքում։