🎥Եվրո-2020․ Իսպանիայի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը լեհերի դեմ խաղում

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ընդունել էր E խմբի մյուս ներկայացուցիչ Լեհաստանին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

25-րդ րոպեին Մորենոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ալվարո Մորատան և իսպանացիներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։

Երկրորդ կեսի սկզբնամասում, սակայն իր մասին հիշեցրեց լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ գրավելով մրցակցի դարպասը։ Րոպեներ անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց Լեհաստանի դարպասին․ գնդակին մոտեցած Մորենոն վրիպեց՝ զրկելով թիմին հաղթելու հնարավորությունից։

Խաղի մնացած մասում երկու հավաքականներն էլ երկուստեք գրոհներ ձեռնարկում էին, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ E խմբում Իսպանիայից ու Լեհաստանից բացի հանդես են գալիս նաև Շվեդիայի ու Սլովակիայի հավաքականները։

Իսպանացիները 2 միավորով E խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում են։ Լեհաստանի ընտրանին 1 միավորով՝ վերջին։