🎥 Տոկիո-2020․ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկն սկսեց հաղթանակով։

1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր։ Առաջին ռաունդում մրցավարների որոշմամբ առավելություն ուներ Արմանի մրցակիցը, սակայն երկրորդ ռաունդը Դարչինյանինն էր։ Իսկ ահա երրորդ ռաունդում ռինգի մրցավարը մեկ միավոր հանեց Շեմեզից՝ կաննոները խախտելու համար:

Դրանից հետո Դարչինյանի առավելությունը պարզապես հսկայական էր և նա հաղթանակ տարավ ընդհանուր 5։0 հաշվով։

Հաջորդ փուլում՝ քառորդ եզրափակչում, Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էումիր Մարցիալին։ Մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ ՕԽ բռնցքամարտի մրցաշարում պայքարն է շարունակում նաև Հովհաննես Բաչկովը (63 կգ), ով հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ։