Տոկիո-2020․ Արգենտինայի հավաքականը լքեց մրցաշարը, իսպանացիները փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին

Տոկիո 2020-ի ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեցին անձնական դիմակայությունը։ Իսպանացիների կազմում աչքի ընկավ Մերինոն, իսկ արգենտինացիներից՝ Բելմոնտեն։

Այս խմբի մյուս խաղում Եգիպտոսի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը վաստակեց 5 միավոր և առաջին տեղը զբաղեցրեց խմբում, իսկ Արգենտինան և Եգիպտոսն իրենց ակտիվում ունեն 4 միավոր, սակայն աֆրիկյան ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Արգենտինան լքեց մրցաշարը։ Ավստրալիան 3 միավորով եզրափակեց այս խմբի կվարտետը։

Ավանդաբար, Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են 23 տարեկանից ցածր խաղացողներից բաղկացած ազգային հավաքականները, գումարած` հայտացուցակում կարող են ներառվել ցանկացած տարիքի ևս երեք խաղացող: Խաղերը մեկ տարով հետաձգելու պատճառով Տոկիոյում տարիքային սահմանափակումը բարձրացվել է մինչև 24 տարեկան: