Նավասը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում

«Նապոլին» ուսումնասիրում է ՊՍԺ-ի և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Նեապոլիտանական ակումբը դարպասապահի փնտրտուքների մեջ է Դավիդ Օսպինայի՝ թիմից հեռանալուց հետո։

Նավասը, ում ՊՍԺ-ում հայտնել են, որ 2022/23 մրցաշրջանում լինելու է Ջանլուիջի Դոնարումայի փոխարինողը, դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։

«Նապոլին» երկար ժամանակ բանակցություններ է վարում «Չելսիի» հետ Կեպա Արիսաբալագայի վարձակալության շուրջ, սակայն գործարքը դեռ ավարտված չէ, և իտալական ակումբը Նավասին տեսնում է որպես այլընտրանքային տարբերակ՝ ուժեղացնելու դարպասապահի դիրքը: