Ռոնալդուն իր որոշման մասին հայտնել է ՄՅՈՒ-ի ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Նախօրեին ֆուտբոլիստն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ վերադարձել է Անգլիա և ղեկավարությանը հայտնել է պայմանագիրը խզելու իր ցանկության մասին՝ Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմ գտնելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» առարկել է՝ նշելով, որ իրենք ցանկություն չունեն վաճառել իրենց առաջատարներից մեկին։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Ման․ Յունայթեդը» պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ հարցումներ չի ստացել։ Բանակցությունները չեն փոխել 37-ամյա ֆուտբոլիստի կարծիքը, սակայն նա կշարունակի հանդես գալ ՄՅՈՒ-ի կազմում մինչ պայմանագրի ավարտը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել մինչմրցաշրջանային շրջագայությունը: Նախօրեին նա անցել է բոլոր անհրաժեշտ թեստերն ու սկսել մարզվել։

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ, որի երկրպագուները նախկինում դեմ էին եղել Ռոնալդուի վարձակալությանը: