Պաուլո Դիբալան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռոմա»։
Այսօր՝ հուլիսի 20-ին, հարձակվողը հռոմեական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
«Վերջին օրերին ես շատ հույզեր եմ ապրել։ «Ռոմայի» արագությունն ու վճռականությունը ցույց տվեցին ինձ, թե որքան է այս ակումբը ցանկանում իմ տրանսֆերը։ Ես միանում եմ մի թիմի, որը սկսում է իր վերելքը:
Ակումբի ղեկավարությունը ամուր հիմքեր է դնում ապագայի համար, և ինձ համար պատիվ կլինի աշխատել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ։
Որպես «Ռոմայի» մրցակից՝ ես միշտ հիացել եմ այն մթնոլորտով, որը ստեղծում են այս թիմի երկրպագուները տրիբունաներում։ Այժմ անհամբեր սպասում եմ նրանց խաղադաշտում արդեն «Ռոմայի» մարզաշապիկով դիմավորելուն»,- Դիբալային է մեջբերում հռոմեացիների պաշտոնական կայքը։