Բարսելոնան միակ ակումբն է, որը փող չունի, բայց գնում է ցանկացած խաղացողի․ Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` «Բարսելոնա» տեղափոխության մասին։

34-ամյա մասնագետը զարմանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ կատալոնական ակումբին հաջողվում է գնել բարձրարժեք խաղացողներ՝ չնայած ֆինանսական խնդիրներին։

«Բարսելոնան» միակ ակումբն է, որը փող չունի, բայց գնում է ցանկացած խաղացողի, ում ցանկանում է: Ես չգիտեմ, թե ինչպես է «Բարսելոնան» դա անում: Դա մի փոքր տարօրինակ է և մի քիչ խելահեղ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Ավելի վաղ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել էր, որ Լևանդովսկին կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը «Բավարիայի» հարձակվողի համար կվճարի 45 միլիոն եվրո, և ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։