🎥Football’s coming home or to Rome? Եվրո-2020-ի եզրափակչին ընդառաջ

Եվրո-2020-ի եզրափակչին կտեսնենք այն հավաքականներին, որոնք ի սկզբանե մրցաշարի ֆավորիտների թվում էին։ Այս առումով Եվրոյում անակնկալներ չգրանցվեցին, թեպետ հարկ է նշել, որ ի տարբերություն իտալացիների, որոնք 1968 թվականին զգացել են Եվրոպայի չեմպիոն դառնալու բերկրանքը, Անգլիայի հավաքականն այս գավաթը պատմության ընթացքում դեռ երբևէ գլխավերևում չի պահել։

Կիսաեզրափակիչ խաղերում, սակայն այս թիմերը հանդիպել էին համառ մրցակիցների ու ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ։ Եզրափակչի առաջին մասնակիցը որոշվեց Իտալիա-Իսպանիա խաղում, որտեղ Լուիս Էնրիկեի սաները խաղով ընդհանրապես չէին զիջում իտալացիներին, եթե չասենք, որ նույնիսկ առավելություն ունեին։ 61-րդ րոպեին Կյեզայի խփած գոլին հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ պատասխանեց Ալվարո Մորատան, ու դժվարին պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա ականատես եղանք 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի վաղ թիմին պարտությունից փրկած Մորատան վերածվեց հակահերոսի՝ չկարողանալով դիպուկ իրացնել իր բաժին 11-մետրանոցն, ու իսպանացիները եզրափակչի ուղեգիրը զիջեցին Մանչինիի սաներին։

Եզրափակչում իտալացիների մրցակիցը որոշվում էր Անգլիայի ու Դանիայի հավաքականների միջև խաղով։ Իսկական թիմային խաղի սիմվոլ դարձած Դանիայի ընտրանին հավասարը հավասարի պայքար էր մղում անգլիացիների հետ ու նույնիսկ դարձավ առաջին թիմը, որն այս մրցաշարում ստիպեց Փիկֆորդին գնդակը դուրս բերել ցանցից։ 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հանդիպման հաշիվը բացեց դանիացիների կիսապաշտպան Միկել Դամսգորը։


9 րոպե անց թիմի ավագ Սիմոն Կյաերը փորձեց խոչընդոտել Ռահիմ Ստերլինգի հարվածին, բայց գնդակը դիպավ իրեն ու հայտնվեց սեփական դարպասում․ այս խաղը ևս շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Առաջին 15 րոպեների ավարտին մրցավարը վիճելի 11-մետրանոց նշանակեց դանիացիների դարպասին՝ համարելով, որ մրցակիցը խախտել է կանոնները Ստերլինգի նկատմամբ։

Նա իր կարծիքը չփոխեց նույնիսկ VAR-համակարգի օգնությանը դիմելուց հետո, որը նույնիսկ չէր նկատել այդ դրվագից առաջ դաշտում գտնվող երկրորդ գնդակը։

Ինչևէ, հաղթողներին չեն դատում ու «Երեք առյուծներն» առաջին անգամ կխաղան Եվրոպայի առաջնության եզրափակչում՝ չեմպիոնի կոչումը վիճարկելով իտալացիների հետ։

Ի դեպ, այս հավաքականները պատմության ընթացքում միմյանց հանդիպել են 27 անգամ․ 11 անգամ հաղթել են իտալացիները, 8 անգամ՝ անգլիացիները, ևս 8 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

Եվրո-2020-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում:

Ստելլա Բաբլոյան