Մեծ Բրիտանիայի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Չեմպիոնշիփում

Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Հադերսֆիլդ Թաուն» ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Քայլ Հադլինի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա Հադլինը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաբարձրահասակ խաղացողը։ Նրա հասակը 2 մետր 10 սանտիմետր է։

«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել նման մեծ ակումբի հետ։ Մենք շատ ոգևորված ենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Չեմ կարող սպասել մրցաշրջանը սկսելոն»,- մեկնաբանել է իր տրանսֆերը Հադլինը։

Հադլինի նախորդ ակումբը եղել է «Սոլիհուլ Մուրսը», որը հանդես է գալիս երկրի 5-րդ ուժեղագույն դիվիզիոնում։ Ակումբի կազմում անցկացրած 62 խաղում հարձակվողը դարձել է 15 գոլի հեղինակ։