Բարսելոնան թքած ունի այն մարդկանց վրա, ովքեր կերտել են ակումբի պատմությունը․ Ալվեշ

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է ակումբը վարվում թիմի լեգենդների նկատմամբ։

«Ես թիմից տխուր չեմ հեռանում։ Ես ուրախ հեռացա, քանի որ վերադարձա «Բարսելոնա»։ Ես երազում էի հինգ տարի՝ ցանկանալով նորից ապրել այս պահը։ Միակ բանը, որ ինձ դուր չեկավ, իմ հեռանալու ձևն էր:

Ես շատ հստակ ասել եմ, որ ես այլևս 20 տարեկան տղա չեմ և ուզում եմ, որ ամեն ինչ արվի ուղղակիորեն, առանց թաքցնելու։ Այս ակումբը վերջին տարիներին մեղք է գործել։ «Բարսելոնան» թքած ունի այն մարդկանց վրա, ովքեր կերտել են ակումբի պատմությունը։ Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ ես կցանկանայի, որ ակումբն այլ կերպ վարվեր։ Ես իմ մասին չեմ խոսում, քանի որ իմ իրավիճակն այլ սցենարով էր։ Ես անսահման շնորհակալ եմ Չավիին և ակումբի նախագահին ինձ հետ բերելու համար:

Խաղադաշտում ես տեսա մի թիմ, որը լի էր երիտասարդ խաղացողներով՝ անհավանական գաղափարներով: Բայց «Բարսելոնան» պետք է բարելավի ամեն ինչ նաև խաղադաշտից դուրս: Մտածելակերպը լրիվ այն չէ, ինչ մենք կառուցել ենք մի քանի տարի առաջ։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, արտացոլումն է այն ամենի, ինչ տեղի է ունենում դրանից դուրս»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: