Ուիմբլդոն․ Ջոկովիչն ու Ալկարասը դուրս եկան 4-րդ փուլ, այլ արդյունքներ

Նովակ Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ Ուիմբլդոնի չորրորդ փուլ։ Սերբ թենիսիստը երեք սեթում հաղթել է հայրենակից Միոմիր Կեցմանովիչին։

Հաղթողին որոշելու համար պահանջվեց 1 ժամ 51 րոպե։ Խաղի հաշիվը՝ 6:0, 6:3, 6:4։ Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար նա կխաղա Թիմ վան Ռեյթհովենի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 2-ին։

35-ամյա Ջոկովիչի համար այս հաղթանակը 24-րդ անընդմեջն էր խոտածածկի վրա։ Այս մակերևույթի վրա հաղթական շարքի տևողությամբ Նովակը պատմության մեջ զբաղեցրել է 3-րդ տեղը՝ հավասարվելով Լևերին։ Միայն Բյորն Բորգը (41, 1976-1981թթ.) և Ռոջեր Ֆեդերերը (65, 2003-2008թթ.) ավելի շատ անընդմեջ հաղթանակներ են տարել խոտածածկի վրա:

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը, մտնելով Ուիմբլդոնի 4-րդ շրջան, սահմանեց ATP Tour-ի հերթական նվաճումը։ 

3-րդ տուրում 19-ամյա իսպանացին 6։3, 6։1, 6։2 հաշվով հաղթել էր գերմանացի Օսկար Օտտեին։ Այսպիսով, Կառլոսը դարձավ վերջին 11 տարվա ամենաերիտասարդ թենիսիստը, ով կարողացավ Ուիմբլդոնի 4-րդ շրջան դուրս գալ։

Ուիմբլդոնում Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ իտալացի Յանիկ Սիները:

Բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորին ևս դուրս է եկել Ուիմբլդոն-2022-ի չորրորդ շրջան։

Աշխարհի 12-րդ ռակետը երեք սեթում հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ջոնսոնին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 93-րդ տեղը։ 1 ժամ 52 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6։4, 6։1, 6։0 հաշվով՝ հօգուտ բրիտանացու։ Ուիմբլդոնում Նորիի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի թենիսիստ Թոմ Փոլը:

Ղազախ թենիսիստ Ալեքսանդր Բուբլիկը ավարտեց իր ելույթները Ուիմբլդոնի մրցաշարում՝ 3-րդ տուրում պարտություն կրելով։

Աշխարհի 38-րդ ռակետը պարտվել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 28-րդ հորիզոնականը։ Գրեթե երեք ժամ տևած խաղն ավարտվել է 6:3, 7:6 (7:1), 7:6 (7:3), 6:4 հաշվով։