Հյոնես. Լևանդովսկին կընդունի Բավարիայի դիրքորոշումը

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կարծիք է հայտնել, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը չի հեռանա մյունխենյան ակումբից։

«Լևանդովսկին կհամաձայնի «Բավարիայի» դիրքորոշման հետ: Նա կկատարի պայմանագրի կետերը մինչև վերջ, եթե այլընտրանք չգտնվի: Կարծում եմ, որ Ռոբերտը ի վերջո կընդունի այս ակումբի այս դիրքորոշումը», – մեջբերում է Հյոնեսսի խոսքերը Sport Max-ը՝ հղում անելով G14 Plus-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Լևանդովսկին հայտարարեց, որ «Բավարիայում» իր դարաշրջանն ավարտվել է, և ինքը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Անցած մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Լեհ հարձակվողի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։