Ֆուտբոլում բալանս է հարկավոր, այլ ոչ թե հնչեղ անուններ. Սակի

«Միլանի» նախկին մարզիչ Արիգո Սակին մեկնաբանել է հարձակվողներ Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխությունները։

Իտալացին կարծում է, որ «ներաձուրիների» մարզիչ Սիմոնե Ինձագիի համար դժվար կլինի հավասարակշռություն գտնել նշված խաղացողների և Լաուտարո Մարտինեսի միջև։

«Ֆուտբոլին պետք է բալանս, այլ ոչ թե հնչեղ անուններ: Ես եղել եմ «Ռեալի» տեխնիկական տնօրենը 2004-2005 թվականներին։ Այդ թիմի հիմնական կազմում էին Ռաուլը, Ռոնալդոն, Զիդանը և Ֆիգուն, իսկ Մորիենտեսն ու Օուենը պահեստայինների թվում էին: Դա ոչ թե թիմ էր, այլ ֆիլմ։ Բայց դրանում սյուժե չկար»,- մեջբերում է Սակիին Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ «Ինտերը» ցանկանում է Լուկակուի և Դիբալայի տրանսֆերներն ավարտին հասցնել մինչև հունիսի վերջ։