ԱՊԼ-ն խաղադաշտ վազող երկրպագուներին ցմահ կարգելի ներկա լինել հանդիպումներին

Անգլիայի Պրեմիեր լիգան իր տարեկան ընդհանուր ժողովում խստացրել է երկրպագուների վարքագծի կանոնները, հայտնում է The Guardian-ը:

Հաջորդ մրցաշրջանից հյուրընկալվող թիմերի երկրպագուներին կուղեկցեն ստյուարդները, իսկ խաղադաշտ դուրս վազող երկրպագուներին սպառնում է ցմահ արգելք՝ ներկա գտնվելու ոչ միայն իրենց, այլև ցանկացած այլ ակումբի հանդիպումներին:

Որոշումն ընդունվել է ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի ավարտին ավելի հաճախակի դարձած նմանատիպ միջադեպերի ֆոնին։

«Երկրպագուները պետք է հիշեն, որ ցանկացած պահի խաղադաշտ դուրս գալն անօրինական է: Դաշտը նախատեսված է բացառապես ֆուտբոլ խաղալու համար։ Խաղացողները, մարզիչները, մրցավարները և անձնակազմը չպետք է վախենան իրենց անվտանգության համար»,- ասել է լիգայի ղեկավար Ռիչարդ Մասթերսը: