Իմ սիրտը պատկանում է Ռոմային․ Աբրահամ

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը Ա Սերիայի 38-րդ տուրում «Տորինոյին» հաղթելուց հետո (3:0) ամփոփել է մրցաշրջանը և կիսվել մայիսի 25-ին կայանալիք «Ֆեյենորդի» հետ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի սպասելիքներով։

«Իհարկե, կցանկանայի հեթ-տրիկի հեղինակ դառնալ, բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Սա երկար ու ծանր մրցաշրջան էր: Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մենք լավ աշխատանք կատարեցինք: Մեզ սպասվում է եզրափակիչ, որին անհամբեր սպասում ենք, և բոլորս ոգևորված ենք։

Ինչպես միշտ ասել եմ, առաջին իսկ օրվանից սիրահարվել եմ այս ակումբին և միշտ կփորձեմ հնարավորինս օգնել թիմին իմ գոլերով և գոլային փոխանցումներով: Ինձ համար լավ տարի էր, հուսով եմ այս հաջողության վրա հիմնվել: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտել մրցաշրջանը տիտղոսով, և այդ ժամանակ դա կատարյալ տարի կլինի:

Վերադառնա՞լ Պրեմիեր լիգա։ Ես սիրում եմ այս ակումբը: Այստեղ ինձ ցույց տալու հնարավորություն տրվեց։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, բայց իմ սիրտը պատկանում է «Ռոմային», – Աբրահամի խոսքերն է մեջբերում DAZN-ը։