Չելսիի ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Լիվերպուլի դեմ

«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հրաժարվել է խաղալ «Լիվերպուլի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչում (0-0, գրիչ՝ 5-6), հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը վնասվածք չի ունեցել, սակայն, խաղի առավոտյան տեղեկանալով մեկնարկային կազմում հայտնվելու մասին, թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ասել է, որ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ։ Միևնույն ժամանակ, «ազնվականների» մեկ այլ պաշտպան՝ Տիագո Սիլվան, ցավով է խաղացել։

Սակայն դանիացի ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քրիստենսենն իրեն այնքան էլ լավ չի զգացել։

Հիշեցնենք, որ Քրիստենսենի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիայի հավաքականի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: