Ֆերդինանդը ներողություն է խնդրել Մոուրինյոյից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ներողություն է խնդրել Ժոզե Մոուրինյոյից՝ նախկինում պորտուգալացի մասնագետի խոսքերը քննադատելիս չափազանց «կոշտ» արտահայտվելու համար։

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» 2018 թվականի վերջին՝ առաջնությունում վատ մեկնարկի համար։ Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը պնդում էր, որ «մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում»` Օլդ Թրաֆորդում: Դրանից հետո նա քննադատության արժանացավ մի շարք նախկին խաղացողների և փորձագետների, այդ թվում՝ Ֆերդինանդի կողմից:

Օրերս Ֆերդինանդն իր սոցիալական ցանցերում ներողություն է խնդրել պորտուգալացուց՝ նրա խոսքերը սուր քննադատության համար։

«Մենք տեսնում ենք, որ կուլիսներում ինչ-որ բան այն չէ, բայց այն ժամանակ մենք չգիտեինք դրա չափը: Ակնհայտ է, որ Ժոզե Մոուրինյոն գիտեր»,- ասել է Ֆերդինանդը՝ նկատի ունենալով ակումբում տիրող իրավիճակը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի աղյուսակում վեցերորդն է՝ պարտվելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում, իսկ նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կլինի ակումբի հինգերորդ մարզիչը ինը տարվա ընթացքում։