Ալոնսոն և Տուխելը վիճել են հանդերձարանում

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն շաբաթ օրը կայացած «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում ընդմիջման ժամանակ լուրջ վիճաբանություն է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալոնսոյին փոխարինել էր իր հայրենակից Սաուլը, իսկ խաղից հետո Տուխելն ասել էր, որ փոխարինումը կատարվել է տակտիկական նկատառումներով։

Բայց, ըստ լրագրող Նաթան Գիսինգի, փոխարինման պատճառը ոչ թե այդ տակտիկական կողմերն էին, այլ այն կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել Ալոնսոյի և Տուխելի միջև հանդերձարանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչն ու խաղացողը բարձրաձայն վիճել են, ինչից հետո Թոմասը որոշել է փոխարինել ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը Ալոնսոյին ակտիվորեն կապում էր «Բարսելոնա» տեղափոխվելու հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից» մրցաշրջանի ավարտից հետո։