Ալվեսը պատմել է, որ պատրաստ էր վերադառնալ Բարսելոնա դեռ 2019 թվականին

Անցած ձմռանը բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի վերադարձը օգնեց «Բարսելոնային»: Բրազիլացի վետերանը և՛ գոլեր, և՛ գոլային փոխանցումներ է կատարում ու կարողանում է կատարել իր պաշտպանական պարտականությունները:

Երբ բրազիլացին առաջին անգամ սկանդալով լքեց թիմը՝ վիճաբանելով այն ժամանակվա նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ, նա խոստացել էր, որ այլևս երբեք ոտք չի դնի «Կամպ Նոու»՝ որպես «Բարսելոնայի» խաղացող, սակայն, ինչպես ինքն է խոստովանել, պատրաստ էր վերադառնալ արդեն 2019 թվականին այն բանից հետո, երբ «Բարսելոնան» ջախջախվեց «Լիվերպուլից» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում 0:4 հաշվով, գրում է Mundo Deporivo-ն:

«Պարոն նախագահ, ինչպե՞ս եք: Ես պատրաստ եմ վերադառնալ և խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ որպես «Բարսելոնայի» խաղացող։ Մի կողմ թողնենք հպարտությունն ու դժգոհությունը։ Մենք միմյանց կարիքն ունենք»,- այն ժամանակ գրել է Ալվեսը Բարտոմեուին, սակայն ստացել է միայն պաշտոնական պատասխան, որում ասվել է. «Մենք պետք է իմանանք թիմի կարծիքը»։ Դրանից հետո այլ պատասխան չի եղել: