Էտո’Օ-ն հավատում է, որ Կամերունը կարող է հաղթել Աշխարհի գավաթը

Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն կարծում է, որ Կամերունը կարող է հաղթել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում, փոխանցում է Goal-ը:

«Աշխարհի առաջնությունում հաղթելու համար պետք չէ այլմոլորակայիններ ունենալ թիմում»,- ասել է նա:

Էտո’Օ-ն, որպես օրինակ բերել է Ժոզե Մոուրինյոյի «Ինտերին», երբ պորտուգալացի մասնագետին հաջողվեց 2010 թվականին ակումբին հասցնել թրեբլի:

«Դա լավ նախապատրաստություն է պահանջում, ուժեղ մտածելակերպ և մի քիչ խենթություն: Ես իմ կարիերայի ընթացքում մի քանի տիտղոսներ եմ նվաճել և որպես օրինակ միշտ բերում եմ «Ինտերը»: 2010-ին ոչ ոք չէր մտածում, որ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ Ժոզե Մոուրինյոն ինչ-որ անհավանական բան արեց»,- ասել է կամերունցին։

Նա հավելել է, որ կցանկանար նման բան տեսնել Կամերունի հավաքականի կողմից ԱԱ-ում։

Քաթարում կայանալիք ԱԱ-ի եզրափակիչ փուլում Կամերունը հայտնվել է G խմբում, որտեղ վերջինիս մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի և Բրազիլիայի հավաքականները։