Յունայթեդը Բարսելոնայի տաղանդին տեսնում է որպես Պոգբային փոխարինող

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է փոխարինող գտնել կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից։

Մանկունիացիները ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել 17-ամյա խաղացողի համար: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 42 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» հիմնական թիմի կազմում, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Գավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականին։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Իսպանացի ֆուտբոլիստով հետաքրքված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»: