Չավի. Բարսելոնան չի պայքարում ոչ մի տիտղոսի համար, սա է իրականությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ թիմն այլևս չի պայքարում Լա լիգայում հաղթելու համար:

«Մենք պետք է ընդունենք իրականությունը, բայց մենք չենք պատրաստվում փոխել այն, ինչին հավատում ենք: Մենք հաղթեցինք իսպանական մեծ թիմերին՝ «Ատլետիկոյին», «Ռեալին», «Սևիլիային»։ Հարկավոր է շարունակել նույն ոգով։ Ես դեռ դրական եմ տրամադրված, մենք շարունակելու ենք առաջ շարժվել:

Պետք է ավելի լավ խաղանք, ավելի մրցունակ լինենք, ավելի շատ հավատ ու ցանկություն ունենանք։ Իրականությունն այն է, որ մենք չենք պայքարում տիտղոսներից ոչ մեկի համար։ Պետք է ավելի քան երբևէ խոնարհ լինենք և մտածենք, որ մեր նպատակը երկրորդ տեղն է։

Երկու-երեք շաբաթ առաջ մեզ ոգեշնչում էր Լա լիգայի հաղթանակի համար պայքարը, հիմա շատ հեռու ենք դրանից։ Իրականությունը` երկրորդ տեղի համար պայքարն է. Մենք այնքան վատը չենք, որքան նոյեմբերին, բայց պետք է ավելի լավանալ»,- կատալան մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։