Մոդրիչը մերժել է քաթարական ակումբի առաջարկը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող էր կարիերան շարունակել Քաթարի առաջնությունում։ Տեղի ակումբներից մեկը խորվաթ խաղացողին պայմանագիր է առաջարկել, սակայն Մոդրիչը մերժել է այն: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Մոդրիչը ցանկություն ունի կարիերան շարունակել Արքայական ակումբում և հնարավորության դեպքում դրա ավարտը նույնպես տալ Մադրիդում:

Լուկան «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում 36-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության 24 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մոդրիչի գործող պայմանագիրն իսպանական թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: