ՊՍԺ-ն պատրաստվում է վաճառել իր արգենտինացի ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել արգենտինացի բոլոր ֆուտբոլիստներից, բացառությամբ հարձակվող Լիոնել Մեսսիի: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ Անխել Դի Մարիայի պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին հետաքրքիր են իտալական Ա Սերիայի ակումբներին։

34-ամյա Դի Մարիան փարիզյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

27-ամյա Պարեդեսը ՊՍԺ-ին միացել է «Զենիթից» 2019 թվականի հունվարին: Այս մրցաշրջանում անցկացրած 22 խաղում կիսապաշտպանը դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա Իկարդիին փարիզցիները վարձակալել էին «Ինտերից» 2019 թվականին, իսկ մեկ տարի անց նրան գնել` 50 միլիոն եվրոյով։ Հարձակվողը մրցաշրջանի 30 խաղում խփել է 5 գոլ։