Պիկեն միլիոններ է վաստակել Իսպանիայի Սուպերգավաթի անցկացումը Սաուդյան Արաբիային վաճառելուց

Ժերար Պիկեի ընկերությունը միլիոնավոր եվրոներ է ստանում Իսպանիայի Սուպերգավաթը արտասահմանում կազմակերպելու համար։

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) համաձայնեցրել է Kosmos-ի հետ, որը պատկանում է «Բարսելոնայի» պաշտպանին, 24 միլիոն եվրո գումար Իսպանիայի Սուպերգավաթը Սաուդյան Արաբիայում անցկացնելու համար՝ համաձայն El Confidencial-ի հետաքննության։

Kosmos-ը միջնորդել է RFEF-ի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները։ Սաուդյան Արաբիայում նախատեսված 6 մրցաշարերից յուրաքանչյուրի համար Պիկեի ընկերությունը կստանա 4 միլիոն եվրո, այսինքն՝ 24 միլիոն՝ ամբողջ ժամանակահատվածի համար։ Այս գումարի վճարումը նախապայման է երկրում մրցաշարն անցկացնելու համար։

Մրցաշարը Սաուդյան Արաբիայում անցկացնելու պայմանագիրը կնքվել է 2019թ. Այն ժամանակ RFEF-ը խոստովանել է, որ Kosmos-ը ներգրավված է եղել մրցաշարի անցկացման շուրջ բանակցություններում, սակայն ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հերքել է, որ Պիկեի ընկերությանը որևէ վճարում է կատարվել:

Ի հաստատումն տեղեկատվության՝ El Confidencial-ը հրապարակել է Պիկեի ու Ռուբիալեսի բանակցությունների աուդիոձայնագրությունները.

«Ռուբի, նայիր: Բարեկամ, եթե խոսքը փողի մասին է, ապա «Ռեալը» կհամաձայնի 8 միլիոն եվրոյի [Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղին մասնակցելու համար]։ «Ռեալին» կարելի է տալ 8 միլիոն եվրո, «Բարսային»՝ 8 միլիոն, մյուսներին՝ 2 միլիոն, 1 միլիոն։ Իսկ ֆեդերացիան իր համար կպահի 6 միլիոն, իսկ մենք կարող ենք Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրել լրացուցիչ 1-2 միլիոն եվրոյի դիմաց»,- ասել է Պիկեն Ռուբիալեսին։

Ըստ աղբյուրի, այս ձայնագրությունը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Պիկեին առաջադրվի մեղադրանք` կոռուպցիայի հոդվածով:

Մեկ այլ աուդիո ձայնագրության մեջ Ռուբիալեսը շնորհավորում է Պիկեին գործարքի կապակցությամբ և «շնորհակալություն հաjտնում ամեն ինչի համար»: