Ցուցանիշ, որով Վլահովիչը զիջում է միայն մեկ ֆուտբոլիստի

Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսին» հաջողվեց խուսափել պարտությունից «Բոլոնիայի» հետ խաղում․ գոլը խփեց Դուշան Վլահովիչը՝ 1-1։

Երիտասարդ սերբի համար այս գոլը հոբելյանական 50-րդն էր Իտալիայի առաջնությունում։

Սա թույլ տվեց նրան դառնալ երկրորդ ամենաերիտասարդ լեգեոները, ով հասավ նմանատիպ ցուցանիշի (22 տարեկան 78 օրական): Միայն մեկ ոչ իտալացու է հաջողվել նույնքան գոլ խփել Ա Սերիայում ավելի երիտասարդ տարիքում:

Այդ խաղացողը «Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրո Պատոն է: Բրազիլացին Ա Սերիայում իր 50-րդ գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 10-ին՝ 21 տարեկան 220 օրական հասակում, հայտնում է Opta-ն: