Չավի. Մարզադաշտի մթնոլորտն ազդեց մեր խաղի վրա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է մնացել Բարսելոնայի մարզադաշտում «Այնտրախտի» երկրպագուների քանակից, փոխանցում է Mundo deportivo-ն:

Եվրոպա լիգայի խաղին «Կամպ Նոուում» ներկա են եղել գերմանական ակումբի բազմաթիվ երկրպագուներ՝ տարբեր գնահատականներով՝ 20-ից 30 հազար: Այդ պատճառով «Բարսայի» երկրպագուների մի մասը ի նշան բողոքի լքել է տրիբունաները։

«Մեզ բացարձակապես չօգնեց մարզադաշտի մթնոլորտը, դա ակնհայտ է: Դա ազդեց մեզ վրա, մենք այնքան էլ լավ չխաղացինք, թեև դա արդարացում չպետք է լինի։

Դա նման էր եզրափակչի, երբ մարզադաշտը բաժանված է երկու մասի: Ինչ խոսք, հիասթափեցնող էր։ Անգամ մեր խաղացողներն են մեկնաբանել.

Հանդերձարանում ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք բացատրություն ենք ուզում»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը: