Վալդանո. Ռեալում աշխատելն ավելի բարդ է, քան Բարսելոնայում

Մադրիդի «Ռեալի» նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն արձագանքել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի խոսքերին, ով ասել է, որ կատալոնական ակումբում աշխատելն ավելի դժվար է, քան որևէ այլ տեղ։

«Ես համաձայն չեմ: Ամենադժվարը «Ռեալում» է, որը միշտ պարտավոր է հաղթել։ «Սերուցքայիններին» բավական չէ միայն առաջնությունը, նրանք պետք է հաղթեն Չեմպիոնների լիգան և անմիջապես անցնեն հաջորդ մրցաշրջանին:

Այստեղ պահանջներն ու նպատակները լրիվ այլ են»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» առաջատարն է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

«Բարսելոնան» Լա Լիգայում երկրորդն է՝ 12 միավորով զիջելով «Ռեալին»: Այսօր Չավիի սաները կանցկացնեն Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։