Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստն իր նորամուտը կնշի բռնցքամարտում

«Լիվերպուլի», «Ֆեյենորդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող Դիրկ Կայտը բռնցքամարտի ռինգում իր նորամուտը կնշի 2022 թվականի հոկտեմբերին, հայտնում է De Telegraaf-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կայտը կմասնակցի քիքբռնցքամարտիկ Ռիկո Վերհովենի կազմակերպած Hit It մրցաշարի մենամարտին։ 41-ամյա նախկին ֆուտբոլիստի մրցակիցը դեռ չի որոշվել։

«Իհարկե, ես ֆուտբոլիստ եմ և կարոտում եմ մրցակցային մթնոլորտը: Այս մենամարտը նման կլինի Նիդերլանդների հավաքականի հանդիպմանը. ուշադրություն շուրջս և առողջ լարվածություն իմ ներսում։ Ինձ համար մեծ մարտահրավեր կլինի առաջին անգամ դուրս գալ իմ հարմարավետության գոտուց և զբաղվել այլ սպորտաձևով: Մի քանի ամիս ջանասիրաբար կմարզվեմ»,- Կայտի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։

Կայտը մերսիսայդյան ակումբում է խաղացել 2006-2012 թվականներին: