Վիկինգների արշավը շարունակվում է․ Դանիական հրաշքը՝ անդերսենյան մոտիվներով

Արդեն երկու դար է, ինչ դանիացի ամենահայտնի հեքիաթասացը համարվում է Հանս Քրիստիան Անդերսենը, սակայն Դանիայի ֆուտբոլի ներկայիս հավաքականը ևս ոչ պակաս գեղեցիկ հեքիաթ է գրում եվրոպական ֆուտբոլում։ Եվ սա, ի դեպ, առաջին հեքիաթը չէ․․․

Հավաքականի մեծագույն հաջողությունը, դա, անխոս,1992 թվականի սխրանքն էր։ Հարավսլավիայի հավաքականը, որը հայտնվել էր մրցաշարի եզրափակիչ փուլում, հենց սկզբից հեռացվեց մրցաշարից՝ քաղաքական թեմաների հետ կապված այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով։ Հարավսլավիայի ընտրանուն փոխարինած Դանիայի հավաքականը կարողացավ հաղթել առաջնությունը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Գերմանիային։ Սա մինչ օրս դանիացիների նվաճած ֆուտբոլային ամենալուրջ տիտղոսն է։ Ի դեպ, հետաքրքիր մեկ փաստ․ այդ ժամանակ դանիացիների դարպասի պահապանը լեգենդար Պետեր Շմեյխելն էր՝ սկանդինավների ներկայիս առաջատարներից մեկի և և հիմնական դարպասապահ Կասպեր Շմեյխելի հայրը։ Դե ինչ, ընտանեկան ավանդույթները շարունակվում են։

Շաբաթ օրը Կոպենհագենը ցնծում էր և գրեթե բոլոր պատուհաններից լսվում էին այսպիսի ձայներ։ Տեսանյութը մեզ է ուղարկել Կոպենհագենում բնակվող մեր ընթերցողներից մեկը։

Իսկ ցնծության պատճառը մեկն էր․ Դանիայի հավաքականը 1/8 եզրափակչում 4-0 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն և շարունակում է իր ոդիսականը Եվրո-2020-ում։

Դանիացիներն ամենավստահ, ամենագեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցուցադրող հավաքականներից մեկն են այս մրցաշարում, սակայն նրանց մեկնարկն այս Եվրոյում այդքան էլ նախանձելի չէր։ Նախ առաջին տուրում, ունենալով ահռելի առավելություն ֆինների նկատմամբ, նրանք զիջեցին նվազագույն հաշվով։ Այստեղ ինչ-որ տեղ հասկանալի էին պատճառները․ դանիացի ֆուտբոլիստներն այդ խաղում մտովի գտնվում էին Կոպենհագենի կենտրոնական հիվանդանոցում։ Բոլորդ գիտեք Էրիկսենի հետ կապված միջադեպի մասին, այնպես որ, կարիք չկա նորից այդ թեմային անդրադառնալու։

Մյուս խաղում «Օլսենի 11 ընկերները» պարզապես «ազդեցին» բելգիացիների նյարդերի վրա․ գրեթե ամբողջ խաղում նրանք չէին զիջում խմբի առաջատարին, իսկ որոշ ասպեկտներով նույնիսկ ավելի հաճելի էր նրանց խաղին հետևելը, քան բելգիացիների։ Չմոռանանք, որ հենց խաղի մեկնարկում դանիացիներն արդեն հաշվի մեջ առջևում էին, սակայն․․․ սակայն Բելգիայի ընտրանին իր զինանոցում ունի Կևին Դե Բրույնե մակնիշի ծանր հրետանի, ով էլ կամային հաղթանակ բերեց դանիացիներին 1-2 հաշվով։

Ծանր պարտությունից հետո, քչերն էին հավատում, որ «վիկինգները» կկարողանան ձեռնտու հաշվով հաղթել Ռուսաստանի հավաքականին։ Բայց չմոռանանք՝ այսօր խոսում ենք Քրիստիան Անդերսենի հայրենակիցների մասին։ Վերջապես դանիացիներին հաջողվեց հիանալի խաղի շնորհիվ ուրախ նոտայով ավարտել մեր այսօրվա հեքիաթի առաջին գլուխը։ 4-1 հաշվով հաղթանակ, խելահեղ հանդիպում, որն, անկասկած, խմբային փուլի զարդերից մեկն էր։

1/8 եզրափակչում դանիացիներին բաժին հասան «բրիտանական վիշապները»՝ Ուելսի հավաքականը։ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները նվեր են մատուցել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղի մեկնարկից առաջ: Խաղի մեկնարկային սուլիչից առաջ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց 10 համարի մարզաշապիկն են նվիրել Քրիստիանին՝ Էրիկսենի ազգանունով, իրենց ստորագրություններով ու բարեմաղթանքներով:

Դանիացիներն, անկասկած, գնահատեցին այս գեղեցիկ ժեստը, սակայն ֆուտբոլը նաև աշխատանք է, որին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ թե հյուսիսեվրոպացիներն ինչպիսի պրոֆեսիոնալիզմով են մոտենում իրենց աշխատանքին, սկանդինավները ցույց տվեցին այս խաղում։ Նախ հանդիպումը վալիացիները սկսեցին շատ ակտիվ, փորձելով անակնկալի բերել դանիացիներին։ Սակայն, ինչպես միջնադարյան պատմությունն է ցույց տալիս, անակնկալ մատուցել սիրում են հենց «վիկինգները», ովքեր չեն խնայում իրենց զոհերին։ 4-0, հեշտ ու գեղեցիկ հաղթանակ, և դանիացիները Բեյլին ու խաղընկերներին ուղարկում են գոլֆ խաղալու, իսկ իրենք շարունակում են զավթողական արշավը Եվրոպայի առաջնությունում։

Տպավորիչ աշխատանք է կատարում գլխավոր մարզիչ Հյումլանդը, ով այս Եվրոյում աչքի է ընկնում տակտիկական հետաքրքրի մտահղացումներով։ Շատ լավ տպավորություն են թողնում երիտասարդ ֆուտբոլիստներ Մեհլեն և Դամսգորը, Քրիստիանսնենը խաղադաշտում ամենուր է՝ պաշտպանությունից մինչև հարձակում, իսկ Շմեյխելն ու իհարկե, թիմի ավագ Կյաերը, ինչպես միշտ հանդիսանում են թիմի ոգին ու սիրտը․․․

1/4 եզրափակչում Դանիայի մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը, որը ևս լավ տպավորություն է թողնում այս մրցաշարում, սակայն, ինչ-որ բան հուշում է, որ դանիացիները մոտ են ևս մեկ գլուխ ավելացնելու իրենց հեքիաթում․․․

Դանիան գերաարդյունավետ է գործում վերջին հանդիպումներում, իսկ չեխերն ավելի պրագմատիկ ֆուտբոլ են ցուցադրում, այնպես որ, խաղադաշտում կբախվեն երկու տարբեր խաղաոճեր ունեցող թիմեր, ինչ էլ ավելի հետաքրքիր դարձնում այս դիմակայությունը։

Ինչ-որ տեղ այս հեքիաթը հիշեցնում է Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» պատմությունը, և իսկապես, դանիացիներն այս մրցաշարում ապացուցում են, որ ցանկացած անճոռնի ճուտիկ կարող է վերածվել գեղեցիկ կարապի․․․ Շարունակեք հետևել Եվրոյի հանդիպումները մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է․․․

Վար Բաբայան

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: