Ռոնալդուի և Մեսսիի վիճակագրությունները Աշխարհի առաջնություններում

Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները կարողացան որակավորվել այս տարի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Սա երկու մեծագույն ֆուտբոլիստների համար էլ կլինի 5-րդ Մունդիալը: Վերջիններս իրենց մեկնարկը տվել են 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնությունից:

Նախորդ 4 առաջնություններում Կրիշտիանու Ռոնալդուն 17 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ռոնալդուի լավագույն արդյունքը հավաքականի հետ եղել է Գերմանիայում կայացած առաջնության 4-րդ հորիզոնական զբաղեցնելը: 3-րդ տեղի համար խաղում Պորտուգալիան զիջեց ընդունող երկիր Գերմանիային:

Մեսսին իր անվան դիմաց ունի անցկացրած 19 հանդիպում: Այդ խաղերում Լեոն 6 անգամ տխրեցրել է մրցակցին և 5 անգամ օգնել է հաջողության հասնել թիմակիցներին: Արգենտինացու լավագույն արդյունքն ընտրանու հետ եղել է 2014 թվականի արծաթե մեդալը: Այդ տարի «Ալբիսելեստեն» նույնպես զիջեց Գերմանիային 0:1 հաշվով: