Բարսելոնան դիտարկում է 3 հարձակվողի թեկնածություն, եթե չստացվի ձեռք բերել Հոլանդին

«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը:

Կատալոնական ակումբի գլխավոր նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Եթե ​​«Բարսելոնային» չհաջողվի ավարտին հասցնել նորվեգացու տրանսֆերը, այդ դեպքում «Բարսելոնան» արդեն երեք այլ տարբերակ է մշակել, հայտնում է Sky Sports-ը։

Որպես երկրորդ տարբերակ կատալոնական ակումբը դիտարկում է «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «կարմիրների» հետ։

Մյուս տարբերակը Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերն է Մյունխենի «Բավարիայից», ում ապագան մյունխենյան ակումբում կասկածի տակ է, քանի որ լեհ ֆուտբոլիստի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել:

Եվ վերջին տարբերակը «Չելսիից» Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն է, ով ակումբում տիրող իրավիճակի հետ կապված կարող է հեռանալ Լոնդոնից: