Միգուցե նրան երեք օրով ուղարկենք Պորտուգալիա․ Ռանգնիկը՝ Ռոնալդուի հեթ-տրիկի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում (3-2) հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի մասին։

«Մենք պարզապես կատակում էինք, որ միգուցե նրան երեք օրով ուղարկենք Պորտուգալիա, իսկ հետո երկու օր էլ չմարզվի:

Նման մակարդակ նա ցույց տվեց հինգշաբթի օրը մարզումների ժամանակ։ Այդ իսկ պատճառով որոշեցի նրան մեկնարկային կազմում ընդգրկել»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Լորի Ուայթվելը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ Ռոնալդուն մի քանի օրով մեկնել էր Պորտուգալիա՝ պատճառաբանելով, որ վնասվածք ունի։ Առանց նրա «Յունայթեդը» պարտվեց 1-4 հաշվով։ 36-ամյա Ռոնալդուն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։