ՊՍԺ-ի սեփականատերը ցանկանում է վաճառել թիմի աստղերից մեկին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից, հայտնում է Sport.es-ը։

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին վրդովված է փարիզցիների՝  Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց և մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացուն վաճառելու մասին։

Ակումբի ղեկավարությունը հոգնել է այն փաստից, որ ֆուտբոլիստը չի կարող իրեն դրսևորել մեծ հանդիպումներում։ Էմիրի կարծիքով՝ 30-ամյա խաղացողի հեռանալը կարող է լրացուցիչ խթան հաղորդել փարիզյան թիմին։ Նաև հնարավոր հեռանալու պատճառ կարող է լինել ակումբի վատ հարաբերությունները խաղացողի հոր հետ, ով նաև նրա գործակալն է։

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։